Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը․ Արտաշես Ա

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Արտաշատ

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշատ մայրաքաղաքի հատակագիծը

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում (Մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=216):

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Արտաշեսն առևանգում է Սաթենիկին

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երեւանը:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:

Արտաշեսը կառուցել է նաեւ Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:

Արտաշեսի հուղարկավորումը

Նրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշիսյաններիարքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *