Մարդու (պացիենտի) իրավունքները և պարտականությունները բժշկական օգնության և սպասարկման իրականացման բնագավառում

ՄԱՅԻՍ 15-19

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ. ԸՆԴՈՒՆՎԱԾ 1996Թ.

Գլուխ 2

ՄԱՐԴՈՒ (ՊԱՑԻԵՆՏԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Առաջադրանք՝

  • Առանձնացնել մարդու/պացիենտի/ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները:

Բժշկական օգնության և սպասարկման իրավունքը

Հոդված 13․

1. Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու անվճար կամ արտոնյալ պայմաններով` առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալու բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

4. Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

Մարդու (պացիենտի) իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս

Հոդված 14․

1. Յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի`

1) ընտրելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և բուժաշխատողին.

2) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս արժանանալու հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունքի.

3) հրաժարվելու բժշկական օգնություն և սպասարկում ստանալուց, բացի սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերից.

4) բժշկական օգնություն և սպասարկում ստանալու` օրենսդրությանը համապատասխան.

5) իմանալու իրեն բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բուժաշխատողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.

6) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ունենալու այցելուներ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի և լիազոր մարմնի սահմանած կարգերին համապատասխան: Սույն իրավունքը կարող է սահմանափակվել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներով` լիազոր մարմնի սահմանած դեպքերում.

7) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ցավի գնահատման և դրա համարժեք կառավարման.

8) սույն օրենքով սահմանված կարգով իրազեկ լինելու իր հիվանդությանը և համաձայնություն տալու բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար.

9) ստանալու ամբողջական տեղեկատվություն բժշկական օգնության և սպասարկման ծավալների, դրանց համար սահմանված վճարների չափի, վճարման կարգի վերաբերյալ.

10) ծանոթանալու իր բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթերին կամ ստանալու դրանց պատճենները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով.

11) հրաժարվելու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալուց.

12) սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված իրավունքից օգտվելու դեպքում լիազորելու իր փոխարեն օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղեկատվություն ստանալու.

13) ստանալու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն.

14) իր առողջական վիճակի կամ տրամադրվող կամ առաջարկվող բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ իր միջոցների հաշվին ստանալու մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք.

15) դիմելու սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով` իր կարծիքով բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերում.

16) իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալու փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով.

17) օգտվելու օրենքով չսահմանափակված այլ իրավունքներից:

Առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու մարդու (պացիենտի) իրավունքը

Հոդված 15․

1. Յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձևով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:

2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, երեխայի (պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են նրան, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.

1) եթե բժշկի կարծիքով օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը, երեխան ի վիճակի են գնահատել իրենց առողջական վիճակը.

2) այդ տեղեկությունները չեն վնասի օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին, երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

3) օրինական ներկայացուցիչները չեն առարկում այդ տեղեկությունները տրամադրելուն:

3. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, երեխայի (պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները միաժամանակ տրամադրվում են նրա օրինական ներկայացուցչին կամ վերջինիս բացակայության դեպքում` նրա լիազորած կոնտակտային անձին, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների բացակայության դեպքում` միայն օրինական ներկայացուցչին կամ վերջինիս բացակայության դեպքում` լիազորված կոնտակտային անձին:

(15-րդ հոդ. փոփ. 04.06.21 ՀՕ-262-Ն օրենք)

Համաձայնությունը բժշկական միջամտության համար

Հոդված 16․

1. Մարդու գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: 

2. Բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը:

3. 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, եթե բացակայում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները: 

Սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում հաշվի է առնվում 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի կարծիքը:

4. Եթե բժշկի կարծիքով պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, ապա բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը կամ վերջինիս բացակայության դեպքում` նրա լիազորված կոնտակտային անձը: 

5. Օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի բացակայության դեպքում, եթե բժշկի կարծիքով բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, և պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, ապա բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով պացիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

(16-րդ հոդ. փոփ. 26.10.22 ՀՕ-388-Ն օրենք)

Մարդու վերարտադրողականության հետ կապված իրավունքները

Հոդված 17․

1. Մարդու վերարտադրողականության հետ կապված իրավունքները սահմանվում են «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով:

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու երեխայի իրավունքը

Հոդված 18․ 

1. Յուրաքանչյուր երեխա պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալու անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում:

2. 16 տարին լրացած երեխաները իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը

Հոդված 19․ 

1. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող մարդն իրավունք ունի անվճար ստանալու պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվելու այդ նպատակի համար նախատեսված համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:i

2. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկված, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները

Հոդված 20․

1. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ազատությունից զրկված, ձերբակալված և կալանավորված, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Զինծառայողների և զորակոչային ու նախազորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը

Հոդված 21․

1. Զինծառայողները և զորակոչային ու նախազորակոչային տարիքի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացումը

Հոդված 21․

1. Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:i

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում, ըստ իրավիճակի, տուժածների թվի, վնասվածքների բնույթի, լիազոր մարմինը որոշում է ընդունում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կամ դրանց մի մասի կողմից պացիենտների պլանային, հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնելու մասին «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին համապատասխան: Սույն մասի իմաստով` անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով պացիենտների պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնելու դեպքում տվյալ տեսակի հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում են բացառապես`

1) արտակարգ իրավիճակների կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով.

2) այլ անձանց` անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում` Կառավարության սահմանած կարգով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով պացիենտների պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը դադարեցնելու դեպքում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում չպահանջող սուր և քրոնիկական հիվանդություններ ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման նպատակով պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում կազմակերպվում են ցերեկային ստացիոնարներ: Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից ցերեկային ստացիոնարներում պացիենտների բժշկական օգնության և սպասարկման դեպքերը սահմանում է լիազոր մարմինը:

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները

Հոդված 23․

1. Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

Բժշկական օգնության և սպասարկման իրականացումն առանց մարդու համաձայնության

Հոդված 24․

 1. Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում են`

1) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում` Կառավարության սահմանած կարգով.

2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում` օրենքով սահմանված կարգով:

Բժշկական միջամտությունից հրաժարվելը

Հոդված 25․  

1. Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձն իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը` հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և հավաստվում պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից:

3. Բժշկական միջամտությունից հրաժարվելու ձևաթուղթը հաստատում է լիազոր մարմինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *