Կրոնական հանդուրժողականություն

Կրոնը դարեր ի վեր եղել և մնում է ինչպես հասարակությունները միավորող, այնպես էլ պառակտող գործոն։ Իսկ կրոնական անհանդուրժողականությունը, անգամ արդի հասարակություններում, եղել է եղբայրասպան պատերազմների ու աղետների պատճառ։ Այլոց կրոնական զգացումների և արժեքների նկատմամբ մերժողականությունն ու անհանդուրժողականությունը հանգեցրել են արյունալի պատերազմների, պետությունների ու ազգերի պառակտման։ Կրոնական անհանդուրժողականությունը միաժամանակ լուրջ ռեսուրս է նաև հակառակորդ պետությունների ձեռքում՝ երկրներն ու հասարակությունները պառակտելու տեսանկյունից։ Այդ նկատառումներով են իրականացվել և ներկայումս իրականացվում զանազան միսիոներական առաքելությունները, որոնք, բացի կրոնական նպատակներից (սեփական կրոնի և արժեքների քարոզչություն և տարածում), հետապնդում են նաև քողարկված քաղաքական նպատակներ։ Որպես օրինակ կարող ենք բերել Մերձավոր Արևելքում (Իրան, Թուրքիա և այլն) ներկայումս լան թափով ծավալվող բողոքական միսիոներությունը։ Խոսելով Իրանում ծավալվող արևմտյան միսիոներական գործունեության մասին` Ս.Կրիվոշեևը նշում է. «…ցանցային պատերազմում կարևորագույն գործոններից մեկը, որի միջոցով ակնհայտ կամ միջնորդավորված կարելի է ազդել ցանկացած երկրում սոցիալական և քաղաքական իրավիճակի վրա, կրոնականն է, և վատն է այն ստրատեգը, ով չի խաղարկում կրոնական խաղաքարտը»1։ Հասարակությունները «ներսից պայթեցնելուն» է ուղղված նաև զանազան աղանդավորական շարժումների ներմուծումը և տարածումն արդի հասարակություններում, որից զերծ չեն մնացել նաև հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Հայաստանը։ Այս ամենը ենթադրում է, որ կրոնական հանդուրժողականության խնդիրը չափազանց կարևոր նշանակություն ունի մերօրյա հասարակությունների անվտանգության ապահովման համար։ Կրոնական հանդուրժողականությունն է հիմք հանդիսանում հասարակությունների ներքին կայունությունն ու ինտեգրացիան ապահովելու, նրանց ցնցումներից զերծ պահելու, ազգերի ու պետությունների պառակտումը կանխելու և, վերջապես, արտաքին կրոնական ներգործության (միսիոներություն, աղանդավորական շարժումների ներմուծում և տարածում) քաղաքական նպատակները չեզոքացնելու համար։ Կրոնական հանդուրժողականության բացակայության պայմաններում է, որ հասարակության կրոնադավանանքային բազմազանությունը խայծ է հանդիսանում ներսից պառակտման և ջլատման, արյունալի պատերազմների սանձազերծման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *