ԱՊՐԻԼ 17-21
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 3, 4, 5, 6, 7/
Առաջադրանք՝
- Ամուսնություն կնքելու պայմաներն ու կարգը:
Հոդված 9․ Ամուսնություն կնքելու կարգը
1. Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից:
Հոդված 10․ Ամուսնության կնքման պայմանները
1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:
- Ամուսնության դադարման հիմքերը:
Հոդված 13․
1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով:
2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով` ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա:
3. Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:
- Ամուսնությունն անվավեր ճանաչելը:
Հոդված 20.
1. Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:
2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ, 11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):
3. Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:
4. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից:
- Ամուսիների իրավունքներն:
Հոդված 24. Ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում
1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում:
2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են` ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից:
3. Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար:
Հոդված 25. Ամուսինների կողմից ազգանվան ընտրության իրավունքը
1. Ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը:
Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:
2. Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում:
3. Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը:
- Ամուսիների պարտականությւոնները: