Տավուշի մարզ

Մարզկենտրոնը՝ Իջևան քաղաք: Տարածքը 2 704 քառ. կմ է:
Բնակչությունը` 124.5 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբ։

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվա­ծածին եկեղեցին է:

 Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։

Բնակչությունը

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը  կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:

Տավուշ

 Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։

Տավուշ

 Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%),  որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%): 

Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:

Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան 
Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք Գյուղական բնակավայրերի թիվը`   61 բնակավայր

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

 ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:

Տավուշ

 Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:

 Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):

Տավուշ

 Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։

 Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:

Տրանսպորտ և կապ

Տավուշի մարզով են  անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:

Տավուշ

Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է,  մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ: Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:

Տավուշի տեսարժան վայրերը

Տավուշ

 ՀՀ Տավուշի մարզը հարուստ է ինչպես բնական մեծ ժառանգությամբ՝ գեղատեսիլ ձորեր, ջրվեժներ, քարափներ, սարավանդներ, բացատներ, բնական ջրամբարներ, քարայրներ, եզակի ծառատեսակների պուրակներ, տարաշխարհիկ ծառեր և թփեր, այնպես էլ մարզին մի ուրույն գեղեցկություն և գրավչություն հաղորդող անձեռակերտ բնության հրաշալիքներին համահունչ բնակիչների կողմից կերտված պատմաճարտարապետական հուշարձաններով:

Մարզի տարածքում հաշվառված է 1996 պատմամշակութային հուշարձան: Այստեղ հայտնաբերված են տարբեր ժամանակաշրջանների կիկլոպյան ամրոցներ, մասնավորապես մ.թ.ա. V –  I  հազարամյակների հնավայրեր, կոթողներ (Նոյեմբերյան, Բաղանիս, Ենոքավան, Գանձաքար), միջնադարյան քարանձավային բնակավայր Լաստիվերում, ինչպես նաև վաղ, միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և գերեզմանաքարեր:

Գեղարքունիքի մարզ

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115կմ, արևմուտքից արևելք 85 կմ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզի տարածքը կազմում է 240․033 հազ․ հա։ Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաքային Գավառ, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր։

Մարզի տարածքը, որն հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերեւույթից գտնվում է 1600-ից մինչեւ 3597 մետր բարձրության վրա: Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։ Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է 34․000 բնակիչ։ Մարզի բնակչության 99 տոկոսից ավելին հայեր են, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ:Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։

Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ), ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթը (3598մ): Բարձր լեռներ են Սպիտակասարը (3555մ), Վարդենիսը (3522մ), Գեղասարը (3446մ): Ամենաերկար գետերն են Արգիճտին (51կմ), Գավառագետը (47կմ) և Մասրիկը (45կմ), առկա են նաև խառնարանային լճեր Աժդահակ և Աղմաղան (մինչև 50մ տրամագծով և 15մ խորությամբ):

Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային (բարձրությունը ծովի մակերևույթից 1898մ). եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազ. քառ. կմ. լճի հայելու մակերեսը 1.2 հազ. քառ. կմ. ծավալը 35.8 մլդ. խմ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա:

Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Աևանա լիճն իր հերթին շրջապատված է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ եկեղեցիներով, որոնցից առավել հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները:

Մարզի տարածքում գործում է 292.2կմ. միջպետական, 110,8կմ. հանրապետական 312,6կմ. մարզային նշանակության և 141,9կմ. համայնքային ենթակայության ճանապարհներ: Մարզի տարածքում է անցնում Երևան-Սևան-Դիլիջան հանրապետական մշանակության մայրուղին: Մարզի բոլոր 5 քաղաքներից մինչև մայրաքաղաք ամեն օր գործում է հասարակական տրանսպորտ:

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է
230.000 տոննա կարտոֆիլ, 250.000 տոննա անասնակեր, 35.000 տոննա կաղամբ, 60.000 տոննա հացահատիկ, 7.000 տոննա պտուղ, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը, հնդկական ՙՍթերլայթ՚, հայկական ՙՄիկա-ցեմենտ՚ ընկերությունների կողմից: Գորգագործական արտադրամասեր են գործում Մարտունի, Սեւան, Ճամբարակ քաղաքներում եւ Կարմիրգյուղում: Մեծ համբավ ունեցող գորգերը արտադրվում, արտահանվում եւ իրացվում են ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Գորգագործության զարգացման հիմնական ներդրողներն ու կազմակերպիչները ՙԹուֆենկյան հիմնադրամ՚ եւ Մեգերյան եղբայրներ՚ ընկերություններն են: